воскресенье, 21 июня 2009 г.

Ակրոստիքոս









(Հավերժական Հայաստան)

Հանուն մեր ազատ ապրելու կամքի`
Ապավինիր միշտ սեփական բազկիդ,
Վարգող նժույգի ռունգերի ծուխը`
Երամակների արագը բռնիր:
Րոպեն լրացավ, արդեն մի դար է`
Ժամանակներից ծեր է երկիրն իմ,
Ամեն մի քարը մի հուշարձան է`
Կանաչ մատյան է` մամռած գմբեթը:
Ակունքից բխող վճիտ հոսանքը,
Նաիրի այգու ջրվորը խոհեմ,
Հայոց հարսների մաքրության մարգը`
Ամենա մաքուր ջրով են ջրել:
Յուրաքանչյուր ոք այստեղ իր տանն է,
Ազգըս հյուրընկալ` դուռը միշտ բաց է,
Սփռոցը դարձյալ ծանրության տակ է.
Տիրուհի դե բեր գինու մեր թասը,
Անցո~րդ, ճանապա~րհ, դու իմ բարեկա~մ,
Նորից չտանես` ինձ օտար մի տեղ :

1/09/07թ.

Վերադարձ











Կարոտած ձեռքեր,
Կարոտի երգեր,
Լսված արձագանք
Մեկը կերգեր`
Խելագար կյանքից
Օրօրոցային:
Ճռիկի ճռռոց,
Կամ դռան ճռռոց,
Հեռավոր երկրիս`
Ծերացած այգում,
Պտուղի կաթոց,
Որոտի պայթոց,
Մեր բարբառից բառ
Մի անհանգ երգում:
Բնության բույրեր,
Մեկը ինձ ծանոթ
Բույրով կբուրեր`
Գարունքի բույրով,
Ու պատճառը կդառնար հետևանք,
Կարոտը հեռացող թռչուն,
Ու ես կհասկանայի, որ ես այստեղ չեմ`
Ես վերադարձել եմ տուն:

3/8/06թ.

Կապույտը

Քո աչքերի գույներով, ես երկինքը ներկեցի,
Թող բոլորը տեսնեն քեզ`
Այն աչքերին, որ նայում էին հաճախ ինձ:
Քո ձեռքերի ջերմությամբ
Գարնան զեփյուռն է շոգել,
ԵՎ ինձ ծանոթ` քո վեհությամբ,
Նազով պարել ու շոգելով,
Ինքն էլ գուցե քիչ հոգնելով,
Ծոցն է մտել մերկ մի ծառի`
Մտել հոգին ու կեղևը,
ԵՎ ծաղկել է ողջ աշխարհը,
Ու բողբոջն է դարձել պտուղ,
Նայիր, տաք է և արևը`
Քո ձեռքերն են մեղավոր:
Քո խոսքերի արագությամբ,
Մեծ գետերն են գնում հավերժ,
Ժամանակն է անհետադարձ
Հոսում բոլոր ջրերի հետ:
Հնչիր, խոսի~ր, ավելի վա~րժ,
Սակայն այնպես արա, որ չհոսեն
Այս ջրերը երկինք ի վար,
Աչքերն ի վար` զույգ երկնքիդ:

07թ.

***

Ես ձեռքերիս մեջ առա գարունը,
Պարզվեց գարունը դու ես սիրելիս,
Մինչ այդ ամեն ինչ, ամեն բան նույնն էր,
Գարունն էլ գարուն էր և ուրիշ ոչինչ:
Հետո գարունը փարվեց ինձ այնպես,
Չեմ հիշում արդեն, գարունն էր թե դու էիր,
Բայց լավ հիշում եմ, դուք ինձ գրկեցիք,
Այս օտարությունից դուք ինձ փրկեցիք
Հարազատորեն փարվելով հոգուս:
Ես ձեռքերիս մեջ առա գարունը,
Պարզվեց գարունը դու ես սիրելիս:

12/06/06թ.

суббота, 20 июня 2009 г.

Հավաքարարը

Հին ու նոր օրվա փոշին կուտակվել
Նստել է դարի կողերի վրա,
Մարդիկ հոգնել են սրբե~լ ու սրբե~լ,
Մարդիկ վարժված են կուտակել միայն,
Անպետք մի իր դեն նետել շտապ`
Վատ հիշողություն լինի թե մի լաթ,
Մեկ է հաշիվը, պետք է դեն նետել,
Սիրելուց հետո դեն նետել սերը,
ԵՎ մաշված շորը և կորած գուլպին,
Ինչ հեշտ է կյանքում այս դեն նետելը,
Ուրիշի այգում թողնել փախչելը,
Ուրիշի խղճին թողնել թռչելը.
-- Թող այլոք մաքրեն մենք շտապում ենք:
Ինչ լավ է, որ կա նաև պատճառը`
Անձրևանոցը իրավիճակի,
Բայց ինչ անել, երբ առանց պատճառի
Փոշին նստում է մարդու հոգու մեջ,
ԵՎ խախտում օրենքը ազատ շնչելու:
Իսկ հավաքարարը սրբո~ւմ է սրբո~ւմ,
Գոգնոցի փոշին` դարի նստվածքն է,
Որ շաղ է տալիս մայթերի վրա,
Նույն փոշին տալիս ու փոշի առնում,
Իսկ աշխատավարձը.
Խախտված օրենքի` ազատ շնչելու
Հոգում նստած փոշին է դարձյալ:

13/10/08թ.

Ժամանակը

Ամեն ժամ ունի իր ժամանակը`
Հաշվված վայրկյաններ,
Անցնող ակնթարթ:
Ժամանակը` հորինված տիրույթ,
Ապրելով, դանդաղ մենք վատնում ենք այն,
Իսկ նա երբևէ պիտի սպանի
Իրեն հորինող հպատակներին:

18/02/09թ.

Խաչմերուկներ

Բախտս բախվեց ճանապարհին,
Արագության չարաշահման գործոնն եմ ես:
Վթարային այս աղմուկի ռետինն առած.
Վատ մտքերի տարատեսակ ձայնն եմ ջնջում,
Որ դու մի օր կյանքից հոգնած
Չբողոքես հենց նույն կյանքին,
Ով քեզ տվեց կյանքն`
Ապրելու բարձր պատիվ:
Լապտերային զուսպ հայացքում
Կանգառային սպասումի ձանձրույթ կա դեռ,
Ժամանակը բախվեց բախտիս,
Բախտս հատվեց ճանապարին,
Ու մտքերի հրվանդանում
Ես խավարն եմ փորձում ցրել կանգառների,
Իմ ձեռքերով և օգնությամբ լապտերների,
Որտեղ դու միշտ սպասում ես
Երթուղային երջանկության ժամանմանը:
Ճանապարհի զուգահեռվող հատման կետն եմ`
Ես ակունքն եմ ապրող սիրո,
ԵՎ հրճվանքի աղբյուր եմ ես,
Դու մնայուն հավատալիք`
Անանցողիկ նազանք ես դու:
Մեր հանդիպման վայրը այսօր խաչմերուկն է,
Ուրեմն փառք ճանապարհին, որը ունի
Միմյանց հատման և հանդիպման կարողություն:

8/06/09թ.

Այժմ և հետո

Այժմ այս պահի վկան եմ`
Անցնող վայրկյանի ականատեսը:
Զգում եմ ժամի զարկերակը
ԵՎ հասկանում եմ,
Որ եղանակը արևային է,
Ու դու քայլում ես թռչելու նման,
Թեթև ես ինչպես փետուրը քամու,
Այժմ փողոցը քեզ է պատկանում,
Երգիս մշտաշտապ տևողությունը
Բազմակետում ես կտկտոցներով...
Ու ես հավատում եմ, որ դու.
Այժմ և հետո և հավիտյանըս`
Գեղեցիկ ես դու...

17/06/09թ.

Առավոտ

Ջութակի պես նուրբ այս առավոտը
Գրկեցի մի օր ու հետըս տարա,
Ես չգիտեի և ոչ մի նոտա,
Բայց ոնց էր սահում աղեղը արա~գ,
Լարերի վրով բարձր հոսանքի,
Կուտակումներից բոլոր ձայների
Ինձ դուր էր գալիս միայն այս ձայնը`
Ջութակի պես նուրբ այս առավոտի:

2008թ.

Երեկ ու այսօր

Ես այնքան շատ եմ,
Շատ եմ եղել ես,
Ու դեռ կլինեմ
Դեռ ես չեմ հատել,
Ես դեռ չեմ վատնել
Իմ ժամանակը:
Ու դու միակն ես
Ում ես չեմ ասել,
Որ ես կարող եմ`
Հողմերը սանձել,
Սրտաբուխ հրճվել,
Մանկան պես լացել,
Ձայնի պես լռել,
Գոռալ համրի պես:
Ես այնքան շատ եմ,
Շատ եմ եղել ես,
Հաճախ այրվել եմ
Խարույկի նման,
Կամ մոմի նման,
Լույս եմ տվել ձեզ,
Ու ես շատ գոհ եմ,
Որ չեք հանգցրել
Կրակըս ջրով,
ԵՎ մոմըս թողել եք
Մինչև հաջորդ լույս,
Կանացի մի շունչ է մարել ինձ զգույշ,
Որ նորից վառի մութն ընկնելուն պես:
Ես այնքան շատ եմ,
Շատ եմ եղել ես,
Այն բառերի պես,
Որոնք չեն ասվել,
Որ կուտակվելով երգ դառնան մի օր,
Ու խոսեն, խոսեն ինձանից առաջ,
Բազմակետելով առաջ ու հետո...
Ես այնքան շատ եմ,
Շատ եմ եղել ես,
Կարողացել եմ ցասումըս զսպել,
Ճիշտ մինչ այն պահը`
Երբ հրաբուխն է զարթնում խոր քնից:
Ես կարողացել եմ երազներ հսկել,
Որ այնտեղ երբեք, ոչ ոք չմտնի
Ու ձեր անուրջը սովորի թռչել,
Ծեր ձանձրույթը սովորի հրճվել,
Ես աղմուկը ռետինով եմ ջնջել,
Որ կարողանաք ձայնով նկարել,
Ներկով սուզվել հոգու ջուրը ջինջ,
Թանաքով հպվել նրանց շուրթերին,
Ում կարոտը ձեր կարոտի պես
Կարողանում է համբուրել թուղթը:
Ես այնքան շատ եմ,
Շատ եմ եղել ես,
Ու դու միակն ես
Ում ես չեմ ասել.
Որ ինչպես երեկ,
Ես այսօր ևս կարող եմ սիրել:
26/10/06թ.

четверг, 18 июня 2009 г.

Բարի գալուստ

Բարի գալուստ,
Բարով եկար,
Քո առաջ միշտ դուռըս բաց է.
Անզանգ վանքի դռան նման,
Եկ աղոթենք զրույցի պես սովորական,
Բարի մարդկանց տուն եմ այսօր`
Հյուրընկալության թանգարանապետ:
Դռնապահները արձակուրդում եմ,
Հոգսը ննջում է քարափին մի տեղ,
Այնքան եմ սիրում աշխարհը անդո~ւռ,
Ժպիտը դեմքին, անկաշկանդ, անկեղծ,
Այս պահը զգույշ խցկիր հոգուդ մեջ`
Խտացված բարու անցնող վայրկյանն է,
Հիշողության պես երբեմն նայիր
Գրպանում դրված լուսանկարին.
ԵՎ բարի գալուստ,
ԵՎ բարով եկար...

29/05/09թ.