суббота, 20 июня 2009 г.

Հավաքարարը

Հին ու նոր օրվա փոշին կուտակվել
Նստել է դարի կողերի վրա,
Մարդիկ հոգնել են սրբե~լ ու սրբե~լ,
Մարդիկ վարժված են կուտակել միայն,
Անպետք մի իր դեն նետել շտապ`
Վատ հիշողություն լինի թե մի լաթ,
Մեկ է հաշիվը, պետք է դեն նետել,
Սիրելուց հետո դեն նետել սերը,
ԵՎ մաշված շորը և կորած գուլպին,
Ինչ հեշտ է կյանքում այս դեն նետելը,
Ուրիշի այգում թողնել փախչելը,
Ուրիշի խղճին թողնել թռչելը.
-- Թող այլոք մաքրեն մենք շտապում ենք:
Ինչ լավ է, որ կա նաև պատճառը`
Անձրևանոցը իրավիճակի,
Բայց ինչ անել, երբ առանց պատճառի
Փոշին նստում է մարդու հոգու մեջ,
ԵՎ խախտում օրենքը ազատ շնչելու:
Իսկ հավաքարարը սրբո~ւմ է սրբո~ւմ,
Գոգնոցի փոշին` դարի նստվածքն է,
Որ շաղ է տալիս մայթերի վրա,
Նույն փոշին տալիս ու փոշի առնում,
Իսկ աշխատավարձը.
Խախտված օրենքի` ազատ շնչելու
Հոգում նստած փոշին է դարձյալ:

13/10/08թ.


Շարունակություն...

Ես կրկնում եմ,
Ինձ կրկնում են,
Այն ինչ գրում եմ
Արդեն գրել են:

Նույն լեռը տանող
Բազում ուղիներ` արահետներ կան,
Որոնց սկիզբն ու վերջը չգիտեմ,
Նաև չգիտեմ.
Թե ով է գծել արահետը այս,
Որով ես հիմա բարձրանում եմ վեր,
Դեպի իմ լեռը` բաղձալի կետը`
Ներդաշնակության դիտակետը շեն:

Շարունակող եմ...
Թող շարունակեմ.
Սիրում եմ ծնվող առավոտները,
Անցած ձմեռը` հաջորդ գարունը,
Քո սիրո տունը` մայրամուտները,
Մեր ժառանգություն` Արարատ լե~ռը,
Արագությունը, վայրկյանը , դարը,
Ապրող պտույտը` մոլորակը ողջ:

Շարունակող եմ...
Թող շարունակեմ.
Ես նորօրյա պատշար եմ գուցե,
Չգիտեմ ով է հիմքը կառուցել,
Իմ շինաքարն եմ դնում հին պատին
ԵՎ ավելացնում` կառուցվող երգի
Բարձրությունը վեհ` շարունակելին...

12/6/09թ.

Կուռքերի մահը

Աստվածների երկրպագման զոհասեղան
Չենք կառուցում վաղուց արդեն,
Բայց ինչևէ դեռ կուռքեր կան,
Որոնց պետք չէ այսպես պաշտել`
Արձան սարքել ու դամբարան:
Աստվածները դարձան Աստված.
Ու ճիշտ է սա.
Բայց ինչու ենք պաշտում մարդկանց,
ԵՎ անարժան մարդկանց նաև:
Աստծո գործը բարությունն է`
Թող չծնվի նոր մի Կայեն,
Մենք չենք փոխվել մենք դեռ նույնն ենք,
Փոխվեց միայն Աստծո դերը`
Նա բարի է ամբողջովին:
Դարեր առաջ, դարեր հետո,
Կուռքեր կային ու կլինեն,
Եկան, կգան, կանցնեն հերթով,
Ու մենք նրանց պիտի պաշտենք,
Ինչպես հնում աստվածներին`
Խոնարհումով մի ծիսական:
Ըստ մեզ տրված <<անտիպ վեպի>>
Պիտի դարձնենք մարդուն Աստված
Երկրպագենք անմնացորդ,
Թե չէ հանկարծ կբարկանան,
(Վերևներում) մարդիկ անցորդ,
Ու կպատժեն երկրպագման:
Բայց այս անգամ մարդակերպ առնետների
Պիտի պաշտենք.
Նրանց պիտի շատը ներվի
Քիչը դառնա անխախտ օրենք,
Նրանց կյանքը չափանիշն է,
Որին պետք է միայն ձգտել,
Ճշմարտության նման (ճիշտ) է,
Նրանց ամեն խոսքը անտեր:
Ու մենք կույր ենք, որ չենք տեսնում
Կուռքերի սովորական մարդ լինելը:

Պատվանդանը լքած կուռքը ուր է հիմա,
Կամ բուրգերում եգիպտական,
Կամ էլ անհետ կորած է նա:

Ծափահարենք հեռացողի~ն,
Հիշողության նման արձան
Չեն կառուցել երբեք մարդիկ,
Ուրեմն փառք վարպետներին,
Ովքեր միայն խաչ են տաշում`
Կարծր քարին:

1/4/09թ.

Комментариев нет:

Отправить комментарий