понедельник, 11 апреля 2011 г.

Քաղաքը

Քաղաքն աղմկոտ,
Քաղաքը հզոր`
Ինձ ուղեկցում է իր փողոցներով:
Մի տեղ աղբանոց,
Մի տեղ մի դղյակ`
Բոլոր քաղաքները նման են միմյանց:
Լույսերի խաբկանք`
Գիշերը ցերեկ.
Քաղաքն աղմկոտ չի ուզում քնել,
Չգիտեմ անգամ, թե ես ե՞մ հարբած,
Թե քաղաքն ինքն է խելքը թռցրել,
Նա չի հասկանում պապերիս լեզուն`
Ես եկվոր եմ միշտ այս մեծ քաղաքում:
Ու գիտեմ հաստատ.
Ինձ չի սփոփի ոչ մի հետերա,
Զուր եմ ես խաբվում լույսի թրթիռով.
Տարբերել է պետք և լույսը լույսից:
Քաղաքն աղմկոտ,
Քաղաքը հզոր`
Ինձ ուղեկցում է իր փողոցներով,
Խաչմերուկները զուգահեռվել են,
Ու խցանումը բոլոր ձայների
Աղաղակում է`ազատագրո~ւմ:
Գովազդում են ինձ բոլոր պատերից.
Վաճառում են լույս, հույս են վաճառում,
Լույսը կանխիկով`հույսը ապառիկ:
Ուզում եմ մի պահ աչքերս փակել,
Ուզում եմ գոռալ, որ չի վաճառվում.
(Մի խաբվեք մարդիկ)
Ձրի է տրվում բոլորին հույսը,
Իսկ արևն ինքը լույս չի վաճառում,
Սպասել է պետք`նոր առավոտի:
Քաղաքը նորից ուղեկցում է ինձ
Այս է հրամցնում, այն է ցույց տալիս,
Բայց ինչպես գիտենք.
Սարքին ու շինված ամեն մի քաղաք,
Նույնիսկ այս մեկը, ինչ-որ փողոցում`
Ունի մի անշուք, կեղտոտ ջրափոս,
Միշտ քաղաք մտեք դուք այդ փողոցով,
Որ տեսնեք նրա դեմքը անշպար:

10/04/2011թ.

Комментариев нет:

Отправить комментарий