вторник, 31 января 2012 г.

Ոսկեշապիկ Գաղթականի

Առավոտ էր մութ` լույսը չբացված,
Մի հին ճամպրուկ ուղեկցում էր մեզ,
Լռադե~մ, դանդա~ղ, գնում էինք անհարց,
Լքված էր տունը` դատարկ էր ու խեղճ:
Մեր ճանապարհը անհայտությունն էր`
Արկածախնդիր բախտն էր քմահաճ,
Նորից այն հինն էր, դարձյալ այն նույնը`
Մեր ճանապարհը կոչվում էր նահանջ:
Վայրկյանը կարծես կանգնել էր տեղում
Մինչ ժամանակը ժամանակ չուներ,
Գնում էինք այսպես, գնում էինք և ո՞ւր
Այս հարց հարցերին պատասխան չկար:
Ի՞նչ էինք երազում մեկնելուց առաջ
Երբ ուղևորի տոմսակ ստացանք,
Միգուցե մի տո՞ւն, ընդարձակ սենյա՞կ,
Մի շքեղ դղյակ, որը չստացանք:
Բայց ինչպես գիտենք սեփական փորձից
Երազը հաճախ երազ է մնում,
Ու որքան բախշվեն երազներ ձրի`
Իրողությունն է իրականանում:
Եվ այսպես հասանք աշխարհի ծայրը,
Որ նոր հասկանանք ճշմարտություննե՞ր,
Սակայն մենք գիտեինք, որն է սխալը.
Կա սխալ, որի չգործելն ուժերից վեր է,
Դա նման է անխոս կարիքի
Պարտադրանքի նման պահանջկոտ,
Եվ ընդդիմանալ ընդդեմ կարիքին.
Մենք ընդդիմացանք փախուստով այս նոր:
Ոչ մի տեղ տանող ճանապարհներ կան,
Որոնց անցնելը հեշտ է ավելի,
Տեղում մնալն է երբեմն դժվար,
Արմատից պոկվելը` հաստատ ավելի:
Մեր ընտրությունը` ընտրություն չկար,
Դարագլխի այս հապճեպության մեջ
Պետք էր որոշել, առավել շտապ
Մի մեծ դուռ բացել` փոքր պատի մեջ:
Եվ մենք բացեցինք պատի մեջ աշխարհ
Դառնալով նրա ծառան ու տերը:
Կամ յուրային ենք, կամ բնիկ օտար,
Կամ հարազատ ենք, կամ սա էլ դեր է,
Կամ ուղևոր ենք, կամ տեղ ենք հասել,
Ու հիմա բոլորըս կարոտի դեսպան`
Մեր տունն ենք սարքում աշխարհում մի տեղ,
Անունը դնում կարոտ մի անսպառ`
Անունը դնում` փոքրիկ Հայաստան:
Մխիթարանքի նման սփոփանք
Դեռ չեն հորինել մարդիկ հիրավի,
(Գեթ մխիթարվենք որ միասին ենք)
Եվ սա ճանապարհն է այն ճանապարհի,
Որով անցնում են բոլոր ազգերը,
Կորած իմաստի գտնելու հույսով:
Սա փորձություն է, իսկ վերջում պարգև`
Դառնալ ավելի ուժե՛ղ ու հզո՛ր:
Փորձության մեջ էլ ձեռք բերել նոր փորձ,
Աշխարհին տանել աշխարհը մեր հին,
Որ հարստանա մոլորակը ողջ
Այս բախումներից հին արվեստների:
Գեթ մխիթարվենք, որ մենք քանդել ենք սահման ու պարիսպ,
Եվ ցանկապատել տարածությունը անսահմանությամբ,
Վանել ենք կամա պարզությունը զուսպ
Անցնելով այս նոր ճամփեքով անանց:
Եվ ստացել ենք մի հին անձնագիր`
Համայն աշխարհի այն քաղաքացու,
Ով ոչ մի փաստաթուղթ ի ծնե չուներ.
Միայն ճմրթված անմաշ անցաթուղթ`
Մի ժպիտ, որով փակ դուռն է բացվում:
Մի լեզու ունի աշխարը խոսուն,
Բացարձակ ուժի` լեզուն այն անուժ,
Մենք չենք ընդունում ուժի գործածման բոլոր ձևերը,
Որով ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր:
Ուստի փոխել ենք ուժը ժպիտով,
Որպեսզի աշխարը դառնա նորավոճ,
Եվ իր անկաշկանդ բարի ժպիտով
Կոճակ արձակման արարողությամբ
Ազատի իրեն փակ սահմաններից,
ԵՎ ապաշխարհի մեղքի թողությամբ.
Աշխարհը մեծ է առանց սահմաններ:
Եվ մենք եկել ենք, որ ապացուցենք,
Որ չկա <<այստեղ>> և <<այնտեղ>> չկա՛,
Կա լոկ հայրենիք, աշխարհը ու մենք:
Հիմա նստել ենք ճամպրուկի վրա
Պատրաստ մեկնելու վերադարձի պես,
Աշխարհից աշխարհ, մեր տանից մեր տուն:
Թող ճանապարհը միայն հիշի մեզ ,
Եվ ի՞նչ ենք բերել ու ի՞նչ ենք տանում,
Կարևորն այն է թե ինչ ենք թողել.
Թողել ենք երկիր, տուն ու հայրենիք,
Խնդիրն ու մուտքն ենք թողել առանց ելք,
Կողպել ենք դուռը մենք ներս ու դրսից,
Ու գողի նման թողել հեռացել,
Գողանալով մեր մարմինը հոգուց:
Մի ցուցանակ ենք պատին փակցրել,
Վաճառվում է տո~ւն, տուն է վաճառվո~ւմ,
Եվ ձրի կտանք մայրենի լեզուն,
Որ ժառանգել ենք նախապապերից,
Եղբա՛յր, պահպանիր նաև մեր լեզուն.
Մենք մոռացկոտ ենք դարձել վերջերըս:
Մենք` հմուտ վարպետ,
Եվ մեզ ձուլում ենք աշխարհին համա՞յն,
Ամենա անշահ վաճառողի պես`
Վնաս կրելով օգուտի դիմաց:
Հիմա խոսում ենք մի օտար լեզվով,
(Ունենք մենք նաև երկրորդ հայրենիք)
Հպարտ ենք անշուշտ սեփական ազգով,
Դարձել ենք հմուտ, ճկուն ու ճարպիկ,
Մեր հագին արդեն մի ոսկեշապիկ,
Գաղթական հոր ու որդու անունից
Գրված է այսպես շապիկի վրա.
_ Սա ճանապարհն է այն ճանապարհի,
Որով կդառնա ներգաղթող թոռը
Բերելով իր հետ գտած իմաստը`
Տուն վերադարձի:



2008/թ Գրեթե չխմբագրված տարբերակ
Գարմար